Սիրիայի կառավարությունը բանակցություններ է վարում 10 մարդկանց, այդ թվում 7 հայերի ազատ արձակելու շուրջ, որոնց պատանդ էին վերցրել հոկտեմբերի 29-ին, Հալեպի մոտ: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Սիրիահայ համայնքի վստահելի աղբյուրները, նշելով, որ պատանդներին ազատ արձակելու նպատակով գործադրվում են բոլոր ջանքերը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 29-ին, զինյալները կանգնեցրել էին քաղաքացիական ավտոբուսը, որը Հալեպից Բեյրութ էր ուղեւորվել, եւ պատանդ էին վերցրել 10 մարդու: Պատանդներից 7-ը հայեր են, մնացած երեքը` քրիստոնյա արաբներ: Ընդդիմության զինյալները պահանջում են ազատել իրենց 150 համախոհներին` սպառնալով 3 օրվա ընթացքում իրենց պահանջը չկատարելու դեպքում սպանել պատանդներին:

Հայտնի են առեւանգված հայերի անունները: Խոսքը Կարո Փամփալյանի, Արսեն Արոյանի, Լեւոն Զեյթունյանի, Բաշար եւ Ժորժ (հայր եւ որդի) Ռաբաթների մասին է: Եւս երկուսի անունները չեն հստակեցվում: Առեւանգվածների տարիքը նույնպես չի հաղորդվում: