Գենետիկայի մասնագետները հայտնաբերել են մարդու կողմից տարածքային էքսպանսիայի երկրորդ խոշոր ալիքը, որն իր մասշտաբներով գերազանցել է աֆրիկյանին: Այն նախորդել է աֆրիկյան էքսպանսիային եւ տեղի է ունեցել 40-50 հազար տարի առաջ, երբ մարդիկ սկսել են յուրացնել Եվրասիայի մայրցամաքը:
ԴՆԹ մուտացիաների արդյունքների համադրումը ցույց է տվել, որ աֆրիկյանից բացի, մարդկության պատմության ընթացքում տեղի են ունեցել առնվազն եւս երկու խոշոր պոպուլյացիոն պայթյուններ, որոնք ուղեկցվել են մարդկանց տարածքային եւ թվային էքսպանսիայով:
Առաջինը տեղի է ունեցել 40-50 հազար տարի առաջ, այսինքն Աֆրիկային Եվրասիա ժամանակակից մարդկանց մեծ հոսքից մոտ 20-30 հազար տարի առաջ: Տարածքային եւ թվային երկրորդ էքսպանսիան տեղի է ունեցել 4-13 հազար տարի առաջ եւ համընկել նեոլիթական հեղափոխության հետ:
Աֆրիկյան հոսքը գերազանցող այս երկու էքսպանսիաները հայտնաբերել է Սիչուանի համալսարանի (Չինաստան), Քեմբրիջշիրի Սերգերի համալսարանի գենոմային հետազոտությունների կենտրոնի (Մեծ Բրիտանիա) եւ Հյուսիսային Քարոլինայի համալսարանի (ԱՄՆ) գենաբանության մասնագետների խումբը, որի հետազոտության արդյունքը հրապարակվել է Genome Research ամսագրում, հաղորդում ու Gazeta.ru-ն:
Քրոմոսոմի որոշակի հատվածներում (այդ հատվածները կրում են ԴՆԹ մարկեր անվանումը) մուտացիայի վերհանումը եւ իմանալով մուտացիայի ի հայտ գալու մոտավոր արագությունը, որը մեկ նման մարկերի համար կազմում է մեկ մուտացիա 500 սերնդի դեպքում (այսինքն մեկ մուտացիան տեղի է ունենում 10 հազար տարում), ապա համադրելով նույն տեսակի տարբեր օրգանիզմների քրոմոսոմներում առկա մուտացիաները, կարելի է կառուցել ֆիլոգենետիկ ծառը, որը ցույց է տալիս այդ օրգանիզմների հարազատության աստիճանը:
Այսկերպ հնարավոր է կազմել ողջ մարդկային ցեղի գենաբանական պատմությունը: Այս ճանապարհով գենետիկներին հաջողվել է պարզել «Ադամի քրոմոսոմը», ինչպես նաեւ ճշտել ժամանակը, երբ այդ նախնիների սերունդներն սկսել են Աֆրիկայից տեղափոխվել Եվրասիա:





























