Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է իրականության հետ որեւէ աղերս չունեցող հայտարարությունների շարանը: Այդ մասին ասել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով երեկ Բաքվում ադրբեջանցի օպերային երգիչ Բլուլբյուլի արձանի բացման արարողությանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արած հայտարարությունը, թե Ադրբեջանը թույլ չի տա երկրորդ հայկական պետության գոյությունը, եւ կգա մի օր, երբ Բյուլբյուլի եւ այլ ադրբեջանցի գործիչների արձանները կտեղադրվեն Շուշիում:

«Ադրբեջանի ղեկավարը շարունակում է իրականության հետ որեւէ աղերս չունեցող հայտարարությունների շարանը: Հարկ եմ համարում նշել, որ Ադրբեջանը չէ, որ պետք է թույլ տա Արցախի ժողովրդին տնօրինելու սեփական ճակատագիրը: Արցախի ժողովուրդն այդ իրավունքը վաստակել է թե՛ ռազմի դաշտում եւ թե՛ ամրագրել հանրաքվեով»,- նշել է Շարմազանովը:

«Ինչ վերաբերում է նրան, որ չպետք է թույլ տալ երկրորդ հայկական պետության ստեղծումը, ապա հարկ է հիշել իրենց նախկին առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյի խոսքերը. «Չկա ադրբեջաներեն, կա միայն թուրքերեն»: Այսինքն` Ադրբեջանը ոչ այլ ինչ է, քան երկրորդ թուրքական պետությունը»,- ասել է ԱԺ փոխնախագահն ու հավելել. «Իսկ Շուշիում Բյուլբյուլի արձանի կանգնեցման առնչությամբ նշեմ, որ դրա հնարավորությունը սպառված չէ. Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, դիվանագիտական հարաբերություններ հաստատի Արցախի հանրապետության հետ, բացի դեսպանատուն Շուշիում եւ իր դեսպանատան շենքում իր իսկ ճաշակով տեղադրի Բյուլբյուլի կամ այլ գործիչների արձանները»: