Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում նորակառույց շենքի վերելակի վթարը չի նվազեցնի առաջնային շուկայի հանդեպ հետաքրքրությունը: Այսօր՝ նոյեմբերի 1-ին, մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց անշարժ գույքի «Ակցեռն» ընկերության ղեկավար Հակոբ Բաղդասարյանը:

Նշենք, որ Դավիթաշենում կառուցվող «էլիտար» շենքերից մեկում վերելակը պոկվել-ընկնելուց հետո աշխուժացել են նորակառույց բարձրահարկ շենքերի որակի մասին խոսակցությունները:

Այդուհանդերձ, ըստ Բաղդասարյանի, դժվար թե այդ դեպքը լրջորեն նվազեցնի առաջնային շուկայի հանդեպ հետաքրքրությունը:

Հարցին, թե պոտենցիալ գնորդը բնակարանի պայմանների հետ միասին գնահատում է նաեւ կառուցապատողի համբա՞վը, նա պատասխանեց, որ նման միտում, իսկապես, կա: «Գնորդներն արդեն ղեկավարվում են ոչ միայն ծանոթների խորհուրդներով, այլեւ շինարարական ընկերությունների նկատմամբ վստահությամբ»,-ընդգծեց Բաղդասարյանը: