Երեւանում ավտոմայրուղիները էլիտար քոթեջների համար չեն կառուցում: Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Ակցեռն» անշարժ գույքի ընկերության ղեկավար Հակոբ Բաղդասարյանը, պատասխանելով գործող Սարալանջի պողոտայի, ինչպես նաեւ Իսակով-Լենինգրադյան փողոցների միջեւ կառուցվող ավտոմայրուղու մասին NEWS.am-ի թղթակցի հարցին:

Նշենք, որ Սարալանջի պողոտայի մայրուղին թեթեւացրել է տրանսպորտի հոսքը քաղաքի կենտրոնով, այդուհանդերձ, Ազատության պողոտայից մինչեւ Ավետ Ավետիսյանի փողոց (դեպի Կոմիտասի պողոտա եւ Դավիթաշենի կամուրջ) ընկած հատվածը համեմատաբար դատարկ է մնում: Փոխարենը ճանապարհի երկայնքով կառուցված քոթեջներն զգալիորեն գրավիչ են դարձել: Նույնը վերաբերում է նաեւ «Նոյ» թաղամասին, որը կհայտնվի ապագա մայրուղու հանգույցներից մեկի մոտ:

Այդուհանդերձ, Բաղդասարյանը կարծում է, որ դժվար թե միայն ճանապարհ կառուցելով այդ շրջանները «տաք» կդարձնեն:

«Բնակարանների գները կախված են մի շարք գործոններից, իսկ ճանապարհներն, առաջին հերթին, նախագծվում են, թերեւս, քաղաքի կարիքներից ելնելով»,-հավելեց նա: