Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս շաբաթ արդեն երկրորդ անգամ ստիպված է  եղել հերքել պետության ղեկավարի հիվանդության մասին լուրերը: Նախորդ շաբաթ անանուն աղբյուրներին վկայակոչելով այդ մասին գրել էր Reuters-ը, իսկ այսօր «Վեդոմոստի» թերթը պատմել էր, որ կռունկների հետ հայտնի թռիչքից հետո Պուտինի մեջքի հին վնասվածքը կրկին սրվել է, ինչի պատճառով հետաձգվել են նրա արտասահմանյան բոլոր այցերը:

Դմիտրի Պեսկովի խոսքով`Պուտինի առողջության մասին հրապարակումները ոչ մի հիմք չունեն: Ինչ վերաբերում է արտասահմանյան այցերի հետաձգմանը, մամուլի ծառայությունը բազմիցս  պարզաբանել է, թե ինչու են դրանք հետաձգվել. հաշվի առնելով, որ միջազգային այցերի ամսաթվերը չեն արձանագրվում, այցերի ժամկետները պարզապես «շարժական» են: Ընդ որում, մամլո քարտուղարը չի հերքել, որ Պուտինը վնասվածք ունի, Վլադիվոստոկի գագաթաժողովից քիչ ժամանակ առաջ մարզվելիս նրա մկանը ձգվել էր, հաղորդում է ՆՏՎ-ն:

«Կռունկների հետ թռիչքից ոչինչ չի սրվել: Վնասվածք եղել է: Այն հին չէ, այլ սովորական մարզական վնասվածք է, Պուտինի մկանն այն ժամանակ ձգվել էր: Իսկ մնացյալ հարցերում լրատվամիջոցների ենթադրություններն իրականությանը չեն համապատասխանում», - ասել է Պեսկովը: