Գոյություն ունի կարգավորման կոնկրետ ռազմավարություն եւ մենք դեռեւս չէինք ցանկանա Վրաստանի կառավարությունում համաձայնեցնելուց առաջ հրապարակել այն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին՝ հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցների համար տված հարցազրույցում: Նման պատասխան նա տվել է հարցին, թե երկրի նոր կառավարությունն ունի կոնկրետ պլան, որով նա ցանկանում է մոտենալ հակամարտությունների կարգավորման խնդրին:

«Ես կարող եմ խոսել այդ ռազմավարության գլխավոր նպատակի մասին: Դա մեր հակամարտությունների խաղաղ կարգավորումն է, ոչ մի պատերազմի հռետորություն, այնպիսի պայմանների ստեղծում, որոնց դեպքում հաշվի կառնվեն նաեւ աբխազ եւ օս բնակչության շահերը»,-ընդգծել է Պաատա Զաքարեիշվիլին:

Հարցին, թե ինչպե՞ս կարող է Իվանիշվիլին մերձեցնել կառավարությունը Ռուսաստանի հետ, պետնախարարը պատասխանել է, որ անհրաժեշտ են քայլեր, որպեսզի «Կրեմլի նեոկայսերական քաղաքականությունը լինի քիչ թե շատ կառավարելի»: Նրա խոսքով, Կրեմլը եւս շահեր ունի Վրաստանում, Վրաստանով են անցնում գազատարներ ու նավթատարներ, երկաթուղի, կան նավահանգիստներ ու ավտոմայրուղիներ: «Չեմ կարծում, որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկխոսության բացակայությունը վնասում է միայն Վրաստանին: Ես կարծում եմ, որ Վրաստանի նոր իշխանությունները շանս են Ռուսաստանի համար՝ բարելավել հարաբերությունները Թբիլիսիի հետ: Շատ բան կախված է նրանից, թե ինչ քայլ կանի Ռուսաստանը: Մոսկավ իր հերթին հայտարարել է, որ չի երկխոսի Սահակաշվիլիի հետ: Հետաքրքիր է, թե հիմա Ռուսաստանը կխոսի՞ Վրաստանի հետ. Երբ Սահակաշվիլին արդեն իշխանության չէ»,-նշել է Զաքարեիշվիլին:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ շահավետ պայմաններ կարող են առաջարկվել աբխազներին ու օսերին, որպեսզի նրանք հրաժարվեն Ռուսաստանի առաջարկներից, պետնախարարն ընդգծել է, որ պետք է սկսել փոքր քայլերից, վստահության վերականգնումից, որպեսզի աբխազ եւ օս ժողովուրդների մոտ վերանա վախը Վրաստանից հնչող սպառնալիքներից: «Վրաստանը պետք է դառնա այնպիսի պետություն, որից երբեք ագրեսիա չպետք է հորդի: Վրաստանի հանդեպ վստահության վերականգնման համար պետք է սկսել ոչ քաղաքական քայլերից, դրանք կարող են լինել տնտեսական նախագծեր, առողջապահություն, մշակույթ, սպորտ: Կարելի է շատ հարցեր լուծել, որը աբխազ եւ օս հասարակություններում վստահություն կհաղորդի, որ Վրաստանն, իրականում, փոխվել է եւ հիմա եկել են Սահակաշվիլիից տարբերվող այլ ուժեր»,-ամփոփել է պետնախարարը: