Մոսկվայում հայ դպրոցականի սպանության գործով դատաքննությունը  շարունակվում է հետաձգվել: Այս անգամ նախապես նշանակված հոկտեմբերի 31-ի նիստը տեղափոխվել  է նոյեմբերի 14-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է  սպանված տղայի մայրը` Ալլա Մարգարյանը: Նիստի հետաձման պատճառները տեխնիկական են:

Մոսկվայի թիվ 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարգարյանը մահացել է 2010 թ-ի սեպտեմբերի 7-ին` ծեծկռտուքի  ժամանակ: Կռիվը հրահրել էր ազգությամբ ադրբեջանցի 9-րդ դասարանցի Մամեդ Մամեդովը, ով, ինչպես եւ Էդուարդը, Ռուսաստանի քաղաքացի է:

Որոշ տվյալներով, Մամեդովը որոշ մարտական հնարքների է տիրապետում, որոնք կիրառել էր Մարգարյանի հետ կռվի ժամանակ: Այնուհանդերձ, Մամեդովի դեմ քրեական գործը փակվել էր: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց էր տվել, որ Էդիկը տառապել է խրոնիկ հիվանդությամբ, ինչը ճակատագրական է եղել նրա համար:

Սակայն այս տարվա մարտին դատարանը Ալլա Մարգարյանը քաղաքացիական հայցով դիմել էր դատարան: Համաձայն հայցի` Մամեդովի եւ Էդիկ Մարգարյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով առաջացած սթրեսային իրավիճակը Էդիկ Մարգարյանի մոտ սիրտ-անոթային անբավարարություն էր առաջ բերել: Այս կապակցությամբ դատարանը Մամեդովի ծնողներին պարտավորեցրել էր 500 հազար ռուբլի վճարել:

Ընդ որում, դատարանը մեղավոր չէր ճանաչել մանկական պոլիկլինիկային եւ առողջապահության նախարարությանը: Այս որոշման կապակցությամբ Էդուարդ Մարգարյանի մայրը դիմել էր դատարան` Մամեդ Մամեդովի նկատմամբ  քրեական գործ հարուցելու պահանջով: