Ադրբեջանում պետական մակարդակով ազգայնամոլություն եւ ֆաշիզմ է քարոզվում, ինչի հերթական ապացույցը դարձավ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունը: Այդ մասին նշել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ալիեւի հայտարարությունն այն մասին, թե կգա ժամանակ, եւ Շուշիում ու Ստեփանակերտում ադրբեջանական դրոշը կծածանվի:

«Նման հայտարարություններ ադրբեջանական ղեկավարությունն անում է եթե ոչ ամեն օր, ապա` օրումեջ: Մենք այդ հայտարարությունները լուրջ չենք ընդունում: Սակայն վերջին  միտումները ցույց են տալիս, որ Ադրբեջանում պետական մակարդակով քարոզում են ազգայնամոլություն եւ ֆաշիզմ», - ընդգծել է Դավիթ Բաբայանը: Այդ համատեքստում նա հիշեցրել է, որ Իլհամ Ալիեւից առաջ նման հայտարարություններ արել են նաեւ Էլչիբեյ եւ Հեյդար Ալիեւները, այն էլ՝ պատերազմի ժամանակ: 

«Այդ ամենը քիչ էր մնում  ավարտվեր Ադրբեջանի համարյա բոլոր քաղաքներում հայկական դրոշի բարձրացմամբ: Ադրբեջանի ղեկավարությունը պետք է  սերտի պատմության այդ դասը: Դա շատ օգտակար կլինի ինչպես իր համար, այնպես էլ՝  ամբողջ պետության», - եզրափակել է Դավիթ Բաբայանը: