Ադրբեջանում «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելը գործնականում ընտրական օրենսդրության հերթական խստացումն է` պայմանավորված նախագահական առաջիկա ընտրություններով: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՌԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը:
Քաղաքագետի խոսքով, հետխորհրդային երկրներում ժողովրդավարական նորմերի, խոսքի եւ գործի ազատության, հավաքների ազատության ընկալումները որոշ նրբերանգներ ունեն`կախված տվյալ երկրի քաղաքական իրավիճակից: «Միանգամայն ակնհայտ է, որ Ադրբեջանում իրադրությունն այնքան էլ պարզ չէ, ինչպես այն ժամանակ առ ժամանակ փորձում են ներկայացնել: 2013 թվականին Ադրբեջանում կկայանան նախագահական ընտրություններ, եւ չնայած, որ իշխանության կուսակցությունը վերահսկում է իրավիճակը, երկրում որոշ ընդդիմադիր ուժեր կան` ինչպես աշխարհիկ, այնպես էլ կրոնական ուղղվածության: Ըստ ստացված որոշ տվյալների՝ հենց իսլամական ընդդիմադիր խմբերն են բավականին ակտիվ եւ ժողովրդին ցույցերի են առաջնորդում», - նշել է Արեշեւը:
Ինչ վերաբերում է տվյալ խիստ փոփոխությունների նկատմամբ Արեւմուտքի արձագանքին, ապա ըստ քաղաքագետի, մակերեսային արձագանք կհետեւի, սակայն, փաստացի, այն շատ թույլ կլինի: «Եվրոպան, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն շահագրգիռ են Ադրբեջանի ներկայիս իշխանությունների հետ համագործակցության հարցում` կապված խոշորագույն էներգետիկական նախագծերի հետ: ԱՄՆ-ն եւ Արեւմուտքն այնտեղ «արաբական գարուն» հրահրելու հրատապ անհրաժեշտություն չեն տեսնում, հետեւաբար, միջազգային կամ եվրոպական իրավապաշտպան կառույցների կողմից քննադատություն կլինի, սակայն` բավականին թույլ»:
Նշենք, որ նոյեմբերի 2-ին Ադրբեջանի խորհրդարանը լիագումար նիստում փոփոխություններ կմտցնի «Հավաքների ազատության մասին» օրենքում: Նախատեսվում է 2 փոփոխություն կատարել. Օրենքի 5-րդ հոդվածում կընդգրկվի լրացուցիչ կետ` ակցիայի կազմակերպիչների կողմից անհրաժեշտ տեղեկություններ ներկայացնելու մասին: 6-րդ հոդվածում դրույթ է մտցվում, ըստ որի` ակցիայի կազմակերպիչներ կարող են լինել մեկ կամ մի քանի ֆիզիկական կամ իրավաբանական անձինք: Կանոնների խախտման դեպքում նախատեսվում է կիրառել 5-8 հազար մանաթ տուգանք (6 - 9,5 հազար դոլար) կամ 23 տարվա ուղղիչ աշխատանքներ: Ըստ գործող օրենսդրության՝ տուգանքը կազմում է ընդամենը 100-150 մանաթ:





























