2013 թ. պետական բյուջեում սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 303.2 մլրդ դրամ՝ 2012 թ. 307.3 մլրդ դրամի համեմատ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: Նրա խոսքով՝ 4.1 մլրդ դրամի նվազումը հիմնականում պայմանավորված է ոլորտի կապիտալ ծասխերի կրճատմամբ:

Ըստ ՀՀ կառավարության ներկայացրած բյուջետային ուղերձի՝ սոցիալական պաշտպանության ոլորտի ամենախոշոր ծախսը աշխատանքային կենսաթոշակներն են՝ 167.5 մլրդ դրամ: Ընդ որում՝ այստեղ եւս առկա է նվազում 2012 թ. բյուջեի նկատմամբ՝ 1.6 մլրդ դրամի չափով: Կենսաթոշակային ծախսերի նվազումը պայմանավորված է  կենսաթոշակառուների թվաքանակի նվազմամբ 4 117 մարդով: Արդյունքում՝ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի 31. 34 հազ. դրամ՝ 2012 թ. 31.25 հազ. դրամի դիմաց:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ սոցիալական ապահովության ոլորտում 2013 թ. գերակա են լինելու 3 ուղղություններ՝ կենսաթոշակային համակարգ, ինտեգրված սոցիալական ապահովություն եւ հաշմանդամների իրավունքների ապահովում: