Արդարադատության նախարարության կողմից հոկտեմբերին Ազգային ժողով ներկայացված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը պայմանավորված է ինչպես իրավական, այնպես էլ տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ այլ օբյեկտիվ նախադրյալներով: Այս մասին այսօր` նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանը:
Նրա խոսքով` նախագիծն էապես տարբերվում է գործող օրենսգրքից թե իր նորարարություններով, թե նախանշված նպատակներով եւ թե դրանց հասնելու համար առաջարկվող միջոցներով: Նախագիծը պետք է լուծի քրեական գործերի քննության եւ լուծման ընթացքում ապահովել հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանության խնդիրը, քրեական արդարադատության ոլորտում բարձրացնի դատական իշխանության եւ դատարանի դերն ու նշանակությունը, իրավունքի հանրաճանաչ սկզբունքների հիման վրա երաշխավորի քրեադատավարական ոլորտ ներգրավված անձի իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը. ստեղծի արդար դատաքննության իրականացումը երաշխավորող գործուն կառուցակարգեր, ապահովի քննությունն իրականացնող պաշտոնատար անձանց հաշվետվողականությունը, հստակեցնի նրանց գործառույթների եւ լիազորությունների շրջանակը:
Հրայր Ղուկասյանը նշեց, որ նախագծի մշակման հիմքում դրված են նախ եւ առաջ ՀՀ Սահմանադրության պահանջները եւ ՀՀ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, ինչպես նաեւ մի քանի տարիների ընթացքում ձեւավորված դատական պրակտիկայի արդյունքները: Անդրադառնալով երկու օր առաջ ՀՀ Նախագահի աշխատակազմից ստացած քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին վերաբերող վերլուծությանը` նա նշեց, որ այն հիմնված է պրակտիկ տվյալների ամփոփման վրա, ունի համալիր բնույթ եւ բացահայտում է նախաքննությանը բնորոշ ընդհանուր կամ տիպիկ պրոբլեմները: «Դրանում ներկայացված են քննիչների, քննչական բաժինների պետերի եւ հսկող դատախազների կողմից իրենց լիազորությունների իրականացման, քննչական գործողությունների կատարման, գործում առկա ապացույցների ստուգման եւ առանցքային որոշումների կայացման հետ կապված մի շարք հարցեր: Փաստաթղթի բովանդակությունից հետեւում է նաեւ, որ քննչական պրակտիկայում օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ զսպիչների եւ հակակշիռների մեխանիզմները կամ չեն գործում կամ դրանք կրում են խիստ ձեւական բնույթ, ինչը բացասաբար է ազդում կատարվող նախաքննության համակողմանիության եւ անաչառության վրա»,- ասաց նա:





























