Միջազգային հիփոթեքային ծրագրերը Հայաստանում մեծ ազդեցություն չեն թողել անշարժ գույքի շուկայի վրա: Այսօր` նոյեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության ղեկավար Հակոբ Բաղդասարյանը:
Հայաստանում հիփոթեքային ֆինանսավորման խոշորագույն վարկատուն գերմանական KfW բանկն է, որը միջոցները բաշխում է Գերմանահայկական հիմնադրամի միջոցով (GAF): 2009 թվականի հունվարից մինչեւ 2012 թվականի հուլիսը հայկական բանկային համակարգի հիփոթեքային պորտֆելը KfW-ի 3 ծրագրերի շրջանակներում կազմել է 36,1 միլիոն դոլար: 2012 թվականին Հայաստանում հիփոթեքային ծրագրեր է նախաձեռնել նաեւ IFC-ը (10 միլիոն դոլար, գործընկերն է «Byblos Bank Armenia»-ն) ւ Առեւտրի եւ զարգացման Սեւծովյան բանկը (8 միլիոն դոլար, գործընկերն է «Արդշինինվեստբանկը»):
Տեղական խոշորագույն ծրագիրն Ազգային հիփոթեքային ընկերության վարկերն են բյուջետային միջոցներից: 2011 թվականի պորտֆելը 2010-ի համեմատ ավելացել է կրկնակի՝ կազմելով 902,7 միլիոն դրամ (ընթացիկ փոխարժեքով` 2,2 մլն դոլար): 2012 թվականի սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի հիփոթեքային ընդհանուր պորտֆելը, ըստ Կենտրոնական բանկի վիճակագրության, կազմում է 9,02 միլիարդ դրամ (ընթացիկ փոխարժեքով`22մլն դոլար):





























