Ղրղըզ լրագրողները « Խաբկանք» հաղորդաշարի նախապատրաստման նկատառումով, ատրճանակի սպառնալիքով առեւանգել են հեռուստահաղորդավարուհուն, ստիպել մերկանալ ու հրաժեշտի նամակ գրել որդուն։ Նման արարքի համար լրագրողը որոշել է պատասխանատվության ենթարկել այն կազմակերպողներին։

Նոյեմբերի 1-ին մամուլի ասուլիսում, ղրղըզական ազգային հեռուստաալիքում աշխատող հայտնի հեռուստահաղորդավարուհի Նազիրա Այթբեկովան հայտնեց, որ պատրաստվում է պատասխանատվության ենթարկել բիշքեկյան «Սուպեր Ինֆո» թերթի լրագրողներին։

Նա պատմեց, որ հոկտեմբերի 30-ին, 4 երտասարդներ, ատրճանակի սպառնալիքով իրեն մեքենա են նստեցրել ու տարել լեռներ, որտեղ հանել են հագուստի մի մասը ու ստիպել հրաժեշտի նամակ գրել փոքրիկ որդուն։ Միայն դրանից հետո նրանք խոստովանել են, որ դա ընդամենը խաղ է ու կատարվել է «Տամաշա-տոր» հեռուստաշոուի համար, որում նա պետք է ցուցադրվի։

« Սակայն պարզվում է, որ նրանք մտադիր էին դեպքը հրապարակել իրենց թերթում, թե ինչպես են ինձ մերկացնում, սպառնում։ Նրանք անցել են թույլատրելի սահմանը եւ պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջեւ»,- հայտնել է Այթբեկովան, հաղորդում է Gazeta.ru-ն։

Հեռուստահաղորդավարուհին հայտնել է, որ դիմել է իրավապահ մարմիններին՝ խնդրելով քրեական գործ հարուցել առեւանգման հատկանիշներով։ «Սուպեր-Ինֆո» թերթի ղեկավարությունը  Այթբեկովայից  իր ներողությունն արդեն հայտնել է ու ասել, որ «խաղը» կազմակերպած 2 լրագրողները ազատված են աշխատանքից։