«Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո Արեւմուտքն Ադրբեջանին մարդու իրավունքների ոտնահարման համար միայն ամոթանք կտա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ նրա՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից եւ արեւմտյան կառույցների` Ադրբեջանի հետ ունեցած փոխհարաբերություններից, առաջիկա մի քանի տարում Արեւմուտքը չի խառնվի այդ երկրի ներքին գործընթացներին:
Նշենք, որ նոյեմբերի 2-ին Ադրբեջանի խորհրդարանը լիագումար նիստում փոփոխություններ կմտցնի «Հավաքների ազատության մասին» օրենքում: Նախատեսվում է 2 փոփոխություն կատարել. Օրենքի 5-րդ հոդվածում կընդգրկվի լրացուցիչ կետ` ակցիայի կազմակերպիչների կողմից անհրաժեշտ տեղեկություններ ներկայացնելու մասին: 6-րդ հոդվածում դրույթ է մտցվում, ըստ որի` ակցիայի կազմակերպիչներ կարող են լինել մեկ կամ մի քանի ֆիզիկական կամ իրավաբանական անձինք: Կանոնների խախտման դեպքում նախատեսվում է կիրառել 5-8 հազար մանաթ տուգանք (6 - 9,5 հազար դոլար) կամ 23 տարվա ուղղիչ աշխատանքներ: Ըստ գործող օրենսդրության՝ տուգանքը կազմում է ընդամենը 100-150 մանաթ:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի /NEWS.am




























