Վրաստանի սեւծովյա Փոթի նավահանգստի աշխատանքը ամբողջովին կաթվածահար է եղել աշխատակիցների գործադուլի պատճառով: Գործադուլին մասնացում են  նավահանգստի բոլոր` 1200 աշխատակիցները: Նավահանգստի նավամատույցներում կանգնեցվել է բեռնման եւ բեռնաթափման աշխատանքները:

Նավահանգստի մուտքը արգելափակած ակցիայի 300 մասնակիցները նավահանգստի ադմինիստրացիայից պահանջում են բավարարել իրենց պահանջները:

Նրանք հայտնել են, որ նավահանգստի ադմինիստրացիայի հետ աշխատավարձերի բարձրացման  ու աշխատանքային պայմանների բարելավման շուրջ բանակցությունները տապալվել են: Գործադուլավորները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, տեխնիկական անվտագության ապահովում, աշխատանքային պայմանագրերի ձեւակերպում եւ աշխատավարձերի արժանի մակարդակ: Նավահանգստում միջին աշխատավարձը կազմում է 100-200 լարի (1 դոլարը`1,66 լարի է), հաղորդում է «Business Գրուզիան»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Փոթի նավահանգստի ավելի քան 200 աշխատակիցներ անցկացրել են երկժամանոց  զգուշացնող գործադուլ:

Նավանհանգստի գլխավոր տնօրեն Ջոզեֆ Կրոուլին լրագրողներին հայտնել է, որ  չի հասկանում գործադուլի պատճառները: «Մենք ասում ենք, որ աշխատավարձերը կբարձրանան ամեն տարի եւ դա կվերաբերի բոոր աշխատակիցներին եւ կկազմի 20 տոկոս»,-հայտնել է նա: