«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ նոյեմբերի 1-ին ամերիկյան դոլարի առուվաճառքի գործարքներ չեն կնքվել: Նշենք, որ գործարքներ տեղի չէին ունեցել նաեւ երեկ, սակայն այսօր դոլարի փոխարժեքը ակնհայտորեն բարձրացել է: Բավական է ասել, որ դոլարը պահանջարկ է վայելել 405.8 դրամով, սակայն 407 դրամից ցածր արժեքով առաջարկ չի եղել:

Կանխիկ արտարժույթի շուկայում առայժմ էական փոփոխություններ չկան, թեեւ ավելացել են այն փոխանակման կետերը, որոնք դոլարն առաջարկում են 407 դրամով: Դոլարի առքի փոխարժեքը գտնվում է 404-405 դրամի սահմաններում: 

Forex միջազգային շուկայում եվրոն դեռեւս պահպանում է իր ամուր դիրքերը՝ սակարկվելով 1.299 դոլարի սահմաններում: Դրան նպաստում են ինչպես «Սինդի» փոթորկի կողմից ամերիկյան տնտեսությանը հասցրած վնասները, այնպես էլ Ֆրանսիայի տնտեսության մասին դրական տվյալները:

Ռուսաստանի միջբանկային շուկայում դոլարը փոքր-ինչ ամրապնդվել է ռուբլու նկատմամբ եւ գնահատվում է 31.3745 ռուբլի: