Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը ուղիղ կապ ունի Վրաստանի տարածքային ամբողջականության հարցի հետ: Այդ մասին նոյեմբերի 1-ի ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Ըստ Իվանիշվիլիի՝ «Ռուսաստանի եւ Վրաստանի դիվանագիտական հարաբերությունների  վերսկսումն արագ չի լինի, դրա համար պետք է երկար ժամանակ, եւ դա դժվար գործընթաց է»: Վարչապետը նշել է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն սկսելու է «մաքուր  էջից» եւ նրանից պատասխան քայլեր է ակնկալում: 

Ընդ որում, մեկնաբանելով Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ պաշտոն  մտցնելու վերաբերյալ որոշումը, Իվանիշվիլին նշել է, որ դա չի նշանակում Վրաստանի եվրոատլանտյան ուղղության  փոփոխություն: «Ռազմավարությունը նույնն է մնում: Պետք է հարթենք Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ շարունակենք ՆԱՏՕ մտնելու ուղին: Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելը չի հակասում ռուսական շուկայի բացմանը», - հայտարարել է վարչապետը, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Իվանիշվիլին նոր պաշտոն է սահմանել՝ վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման համար  վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոն, եւ  այդ պաշտոնում նշանակել է  Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեին: Դիվանագետը պաշտոնին անցնելուց հետո հայտարարել է, որ իր խնդիրն է  Ռուսաստանի հետ ձեւավորել  բարիդրացիական հարաբերություններ՝ միտված ապագային: