Հայաստանի սփյուռքի նախարարն ընդունեց Հունգարիայի հայ համայնքի ղեկավարներին

Նոյեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հունգարիայի հայ համայնքի նախագահ Սեւան Սարգսյանին, փոխնախագահ Ալեքս Ավանեսյանին եւ ԱՕՔՍ-ի «Հայաստան-Հունգարիա»  բարեկամության ընկերության նախագահ Անահիտ Սիմոնյանին:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց հունգարահայ համայնքի` հատկապես հունգարական իշխանությունների կողմից ադրբեջանցի մարդասպանին արտահանձնելու որոշումից հետո ծավալած ակտիվ գործունեությունը:

Հունգարիայի հայ համայնքի ղեկավարներն առաջիկայում պատրաստվում են դիմել դատարան՝ վիճարկելու Հունգարիայի իշխանությունների որոշումը եւ ապացուցելու, որ ադրբեջանցի մարդասպանի արտահանձնման գործընթացը հակասում է, նախեւառաջ, Հունգարիայի օրենսդրությանը: Հունգարիայի հայ համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ հունգարական իշխանություններն արտահանձնումից հետո այլեւս չեն ցանկանում անդրադառնալ եւ քննարկել ադրբեջանցի մարդասպանի հարցը, ուստի  հայ համայնքը դժվարություններ է ունենում այս խնդրով բանակցություններ վարելիս: Փոխարենը նրանք համագործակցում են հունգար առաջադեմ մտավորականների ու հասարակական գործիչների, ընդդիմադիր մամուլի հետ: Հանդիպման ընթացքում կարեւորվեց աշխարհասփյուռ հայության միասնական դիրքորոշում ունենալու հանգամանքը եւ տարբեր երկրների համայնքների հետ համագործակցելու անհրաժեշտությունը:

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին համայնքային կյանքի կազմակերպման, գործունեության առաջնահերթությունների վերաբերյալ: Նախարար Հ. Հակոբյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց Հունգարիայում հայագիտական կենտրոնի ստեղծման, հայկական մշակույթի պահպանման եւ հայոց լեզվի պահպանությանն ուղղված քայլերին՝ այս գործում կարեւորելով համայնքի մասնակցությունը սփյուռքի նախարարության տարբեր ծրագրերին, տեսակոնֆերանսներին: Քննարկվեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվելիք ծրագրերը, նախանշվեցին անելիքները: