Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` նոյեմբերի 1-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տաղիսը:

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ իր ակտիվ գործունեությամբ նա նշանակալի ներդրում կունենա երկու բարեկամ ժողովուրդների եւ պետությունների միջեւ հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-հունական հարաբերությունները հիմնված են դարավոր ու պատմականորեն ձեւավորված ավանդույթների վրա, եւ Հայաստանը շահագրգռված է այդ հարաբերությունների պահպանմամբ ու զարգացմամբ:

Դեսպան Տաղիսը վստահեցրել է, որ ջանք չի խնայի պաշտոնավարման ընթացքում լավագույնս ծառայելու եւ իր կարողություններն ի սպաս դնելու՝ հանուն հայ եւ հույն ժողովուրդների բարեկամության, երկու պետությունների միջեւ կապերի առավել ամրապնդման: Դեսպանը նշել է, որ 2011թ. Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Հունաստան, վերահաստատեց Հայաստանի եւ Հունաստանի միջեւ առկա ջերմ հարաբերություններն ու ամենատարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու՝ կողմերի պատրաստակամությունը:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել Հունաստանի դեսպանին՝ իր կարեւոր առաքելությունն իրականացնելու գործում: