«Սենդի» փոթորկից հետ ավելի քան 1 մլն լիտր վառելիք է թափվել ամերիկյան Նյու Ջերսիի ծովածոցը՝ նավթավերամշակման Motiva ընկերության տարածքից, այսօր՝ նոյեմբերի 1-ին, հայտնում է CNN-ի կայքը՝ վկայակոչելով առափնյա անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ռասել Տիբեթսը:
Նրա խոսքով, արտահոսքը տեղի է ունեցել վառելիքի պահեստարաններից մեկի վնասվելու հետեւանքով: Վթարի հետեւանքով նավթի մի մասը հայտնվել է գործարանի մոտ գտնվող Վուդբրիջի ծոցում:
Նա նաեւ ճշտել է, որ ներկայումս աշխատանքներ են ընթանում նավթի արտահոսքը դադարեցնելու ուղղությամբ: Դեպքի վայր են ուղարկվել շուրջ 100 աշխատակիցներ՝ համապատասխան սարքավորումներով:
Նախօրեին միջադեպի մասին տեղեկացրել է նաեւ Motiva-ի բաժնետոմսերի սեփականատեր Shell ընկերությունը, սակայն չի հստակեցրել վթարի մասշտաբները: Ընկերության տվյալներով, վնասվել են գործարանի առնվազն երկու պահեստարաններ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ արեւելյան ափերին մոլեգնող ավերիչ «Սենդի» փոթորկի զոհերի թիվը հոկտեմբերի 30-ին հասել է 72-ի: Առավել մեծ վնաս կրել են Նյու Յորքի, Նյու Ջերսիի եւ Մերիլենդի նահանգները:




























