Ամստերդամի քաղաքապետ Էբերհարդ վան դեր Լանը հայտարարել է, որ չի արգելի օտարերկրյա զբոսաշրջիկներին քաղաքի սրճարան-խանութներից մարիխուանա գնել ու ծխել, հաղորդում է BBC News-ը:

Նրա խոսքով, նման պրակտիկան արգելելու կառավարության ցանկությունը կարող է մեծ վնաս հասցնել քաղաքին, որը Եվրոպայի գլխավոր տուրիստական կենտրոններից մեկն է:

Քաղաքապետը պարզաբանել է, որ ամեն տարի Ամստերդամ այցելող 4,5 մլն զբոսաշրջիկների մոտավորապես 1/3-ը, առաջին հերթին հետաքրքրվում է ազատ մարիխուանա ծխելու հնարավորությամբ: «1,5 մլն մարդ չի ասի. «Դե որ չի կարելի, ուրեմն չի կարելի»: Նրանք կսկսեն ողջ քաղաքով թմրամիջոց փնտրել: Դա կհանգեցնի հանցավորության, վտանգավոր թմրախոտերից թունավորման աճի, որակի վերահսկման վերացման եւ այլն: Այն ամենը, ինչին մենք հասել ենք վերջին տարիների ընթացքում, մեկ ժամում կարող է ոչնչանալ»,-ասել է նա:

Այսպիոսով, Էբերհարդ վան դեր Լանը հեռակա բանավեճի մեջ է մտել երկրի կառավարության հետ, որը մտադիր է 21013 թվականից արգելել օտարերկրացիներին մարիխուանայի վաճառքը: Քաղաքապետի տեսակետի օգտին են հանդես եկել Ամստերդամի հարյուրավոր սրճարան-խանութների սեփականատերերը, հայտարարելով, որ օտարերկրացիներն իրենց այցելուների 90 տոկոսն են կազմում, հաղորդում է Lenta.ru-ն: