Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Գյումրի կատարած այցի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, պատասխանելով լրագրողների հարցերին, խոսել է Հայաստանում կայանալիք առաջիկա  նախագահական ընտրությունների մասին:

«Կարեւոր է, որ ամրապնդվեն այն դրական միտումները, որոնք նկատվեցին մայիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ  Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակն իրականացնում էր դիտորդական առաքելություն: ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացվել են որոշակի առաջարկներ, որոնց իրականացումը կարող է օգնել ընտրությունների անցկացմանը»,-ընդգծեց Հեֆերնը:

Նրա խոսքով` ՀՀ կառավարության կողմից ստեղծվել է միջգերատեսչական խումբ, որը դիտարկում է ներկայացված բոլոր 26 առաջարկները:

«Մի քանի օր առաջ Հայաստանում իրենց առաքելությունն իրականացնող բոլոր դեսպաններին ներկայացվեց այն, ինչ ՀՀ կառավարությունը ծրագրում է անել առաջարկների մասով: Մենք գնահատում ենք այն մանրամասն պատասխանը, որ կառավարության կողմից պատրաստվել է այդ առաջարկների վերաբերյալ, ի դեպ,  առաջարկների մեծ մասն ընդունվում է: Որոշ առաջարկների հետ կապված դեռեւս լրացուցիչ երկխոսության կարիք կա ԵԱՀԿ-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ, իսկ  մի քանիսի  հետ կապված պահանջվում են ընտրական օրենսդրության փոփոխություններ, սակայն մինչ ընտրությունները ժամանակը կարճ է այդ փոփոխությունների համար, եւ այդ առաջարկները կկատարվեն ընտրություններից հետո: Մենք սպասում ենք նախագահական ընտրություններին եւ հուսով ենք, որ դրանք կլինեն թափանցիկ եւ արդար: Ակնկալում ենք, որ այդ ընտրությունների ժամանակ կապահովվի ամուր եւ արդար մրցակցությունը»,-նշել է դեսպանը, հաղորդում է «Արմենպրեսը»: