Երեւանում նոյեմբերի 1-ի երեկոյան ընդունելություն է տեղի ունեցել` ի պատիվ Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի: Այն կազմակերպվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից` «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում:
Արձանագրելով երկկողմ հարաբերությոնների կայուն զարգացումը` Հայաստանում Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադան նշել է հայ եւ ճապոնացի ժողովուրդների ջերմ հարաբերությունների մասին: Նա պատմել է, թե ինչպես 2011թ. աղետալի երկրաշարժից հետո դեսպանատուն էր այցելել մի հայ տղամարդ եւ օգնություն առաջարկել: «Սա վկայում է, թե ինչպես են սովորական հայերը վերաբերվում ճապոնացիներին»,-ասել է դիվանագետը` ընդգծելով, որ շարունակելու է առավելագույն ջանքեր գործադրել երկու երկրների հարաբերությունների զարգացման համար:
Ընդունելությանը ներկա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է երկու ժողովուրդների պատմության ընդհանության մասին եւ նույնպես խոսել համագործակցության զարգացման մասին` անհրաժեշտ համարելով չիրացված ներուժի օգտագործումը:
Այսօր նաեւ Ճապոնիայի դեսպանատան կողմից պատվոգրեր են հանձնվել նաեւ հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հարցում նշանակալի ավանդ ունեցող անձանց: Պարգեւատրվել են «Խիկարի» մշակութային կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը, Երեւանի հումանիտար ինստիտուտի ռեկտոր Միխայիլ Ամիրխանյանը, այկիդոյի ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը, ճապոներեն դասավանդողների ասոցիացիայի ղեկավար Կարինե Քարամյանը:





























