Վրացական իշխանությունները պատրաստ են վերականգնել Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը՝ «Աբխազիայի ապամեկուսացման ծրագրի» շրջանակում: Այդ մասին ռուսական «Կոմերսանտ» թերթին հայտնել է Վրաստանի վերաինտեգրման հարցերով նոր պետնախարար Պաատա Զաքարեշվիլին:

Նոր նախարարը կարծում է, որ երկաթուղու վերականգնումը կնպաստի փախստականների վերադարձին եւ ընդհանուր առմամբ  կլուծի խնդիրները, առավել եւս որ  տրանսպորտային կապի զարգացումը կնպաստի Աբխազիայի տնտեսական զարգացմանը:
Ընդ որում, ընդգծել է նախարարը, չի կարելի թույլ տալ, որ Աբխազիան տնտեսապես եւ տրանսպորտային առումով կապված լինի միայն Ռուսաստանին:

«Եթե բացենք մեր կողմի երթեւեկությունը, Աբխազիան այլընտրանք կունենա։ Երկաթուղուց կարող են օգտվել բոլորը՝ Ռուսաստանը, Վրաստանը, Հայաստանը։ Դրանով մեր երկրի աշխարհաքաղաքական նշանակությունը կմեծանա», ասել է Զաքարեշվիլին։

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հինգշաբթի նոր պաշտոն էր  սահմանել` երկրի վարչապետի՝ ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի: