Ուկրաինայի նախկին վարչապետ Պավել Լազարենկոն, որը ֆինանսական խաբեբայությունների համար պատժաչափ էր կրում, ազատվել է ամերիկյան Սան Պեդրո քաղաքի «Տերմինալ Այլենդ» դաշնային բանտից: Նախկին վարչապետը բանտում անցկացրել է 14 տարի:
Պավել Լազարենկոն Ուկրաինայի կառավարությունը գլխավորել է 1996-1997 թթ.: 2006 թվականին ԱՄՆ-ում երկար դատավարությունից հետո նա 9 տարվա ազատազրկման էր դատապարտվել փողերի լվացման համար: Ուկրաինայում Լազարենկոյին մեղադրում են մետ 50 քրեական դրվագներում, այդ թվում կաշառք տալու, փողերի յուրացման եւ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոն, սպասվում է, որ մեկ ամիս նա կմնա Քալիֆորնիայի Հյուսիսային շրջանի դատարանի հսկողության տակ: Դրանից հետո Լազարենկոն կարող է արտաքսվել, սակայն ոչ թե Ուկրաինա, այլ Հունաստան:
Նախօրեին Forbes ամսագրի հետ հարցազրույցում, Լազարենկոն հայտարարել էր, որ կցանկանար հայրենիք վերադառնալ, սակայն նրա վերադարձը կախված է «ոչ թե անձնական ցանկությունից, այլ ուկրաինական իշխանությունների քաղաքական կամքից»:
Սակայն Ուկրաինայում համոզված են, որ Լազարենկոն ինքնաթիռից իջնելուն պես կձերբակալվի: Այստեղ նրան մեղադրում են նաեւ Ազգային բանկի ղեկավար Վադիմ Գեթմանի եւ Ռադայի պատգամավոր, գործարար Եվգենի Շչերբանի սպանությունների կազմակերպման մեջ:





























