Վարշավական Rzeczpospolita թերթի գլխավոր խմբագիրը, ով գրել էր  Լեհաստանի նախագահի` Լեխ Կաչինսկու  ինքնաթիռում պայթուցիկի առկայության մասին, հրաժարական է տվել:  Հրապարակումից հետո պարբերականն ընդունել է, որ սխալ է թույլ տվել:

Տոմաշ Վրյուբլյովսկին իր հեռացման  որոշումը բացատրել է  պարբերականի վարկանիշը  պահպանելու անհրաժեշտությամբ, ասվում է թերթի կայքում: Հեռանալուց առաջ , Վրյուբլյովսկին արձակուրդ կգնա, ինչից առաջ գործերը կփոխանցի տեղակալ Անջեյ Տալադին, հաղորդում է «Պրավդա.ru»-ն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին լեհական «Rzeczpospolita» թերթը սենսացիոն հոդված  էր տպագրել, ըստ որի  2 շաբաթ առաջ լեհ փորձագետները Ռուսաստանից ինքնաթիռի բեկորների ուսումնասիրման սենսացիոն արդյունքներ են բերել. դրանց վրա տրոտիլի եւ նիտրոգլիցերինի հետքեր են հայտնաբերվել: Հետագայում այդ լուրը հերքել է Լեհաստանի ռազմական դատախազությունը:

Սմոլենսկում նախագահական օդանավի կործանման արդյունքում զոհվել էին 96 հոգի, նրանց թվում՝ նախագահ Լեխ Կաչինսկին, բարձրաստիճան լեհ պաշտոնայներ եւ զինվորական գործիչներ: 2011 թվականի հունվարին միջազգային ավիացիոն կոմիտեն հրապարակել էր Սմոլենսկի մոտ աղետի ենթարկված Տու-154 ինքնաթիռի ավիավթարի  հետաքննության վերջնական զեկույցը, ըստ որի՝ վթարի պատճառ էր դարձել անձնակազմի ոչ բավականաչափ պատրաստվածությունը: