21-ամյա Արմեն Օվչարուկը դաժան ծեծի էր ենթարկվել Կիեւի կենտրոնում` Կրեշատիկում: Տղանի մի քանի օր կոմայի մեջ է եղել, ինչից հետո մահացել է`  այդպես էլ գիտակցության չգալով: Նրա հարազատները մեղադրում են բժիշկներին եւ ոստիկաններին` հանցագործության հետաքննությունը դիտավորյալ սաբոտաժի ենթարկելու մեջ:

Ինչպես փոխանցում է ՏՍՆ-ն, բժիշկները հրաժարվել են անգիտակից վիճակում գտնվող տղային բժշկական օգնություն  ցուցաբերել, իսկ իրավապահները չեն շտապում քրեական գործ հարուցել:

Այդ օրը տղան ընկերների հետ դուրս է եկել գիշերային ակումբից: Նա ասել է, որ ցանկանում է զբոսնել միայնակ: Գիշերը ժամը երկուսին նրա վրա անհայտ անձ է հարձակվել, դաժանորեն ծեծել է  բայց չի թալանել:  Անգիտակից վիճակում նրան հայտնաբերել է պատահական անցորդ,  տղային հիվանդանոցից հիվանդանոց են տեղափոխել: Արմենի տատիկը վստահ է, որ եթե տղային ժամանակին բուժօգնություն ցուցաբերվեր, ապա նման բան չէր լինի:

Ոստիկանությունը չի շտապել քրեական գործ հարուցել: Բժիշկները հրաժարվում են մեկնաբանել:  Իրավապահների վարկածը արմատապես տարբերվում է ընկերների պատմածից. տղան հարբած է եղել, իսկ ծեծելու փաստը դեռեւս ապացուցված չէ:

Ինչպես գրում է Analitika.at.ua-ն, ընկերները եւ բարեկամները չեն հավատում  իրավապահ մարմիններին եւ նրանց մեղադրում են  հետաքննությունը սաբոտաժի ենթարկելու մեջ եւ պատրաստ են դիմել մինչեւ եվրադատարան: