Մինսկում, նոյեմբերի 6-ին, Հայաստանի եւ Բելառուսի ԱԳՆ-ների միջեւ խորհրդակցություններ տեղի կունենան: Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անդրեյ Սավինիխը:

Բելառուսական կողմը խորհրդակցություններում կներկայացնի ԱԳ առաջին փոխնախարար Ալեքսանդր Միխնեւիչը, իսկ հայկական կողմը՝ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, հաղորդում է «Բելտան»: «Կողմերը կքննարկեն քաղաքական եւ առեւտրատնտեսական ոլորտներում երկկողմ հարաբերությունների ինտենսիվացման ուղիները, հումանիտար եւ միջտարածաշրջանային համագործակցությունը, միջազգային ասպարեզում երկու երկրների փոխգործակցության հարցերը»,-նշել է Սավինիխը: Բացի այդ, նախատեսված է Շավարշ Քոչարյանի հանդիպումը Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեեւի հետ:

Դրանից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 5-ին, Մինսկում տեղի կունենա Հայ-բելառուսական առեւտրատնտեսական համագործակցության հարցերի միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի բելառուսական կողմը գլխավորում է անտառտնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը, իսկ հայկական կողմը՝ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Կքննարկվեն արդյունաբերության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների եւ ոսկերչության ոլորտներում համագործակցության արդիական հարցեր: «Մասնավորապես, կողմերը կքննարկեն Հայաստանի լեռնարդյունաբերական ձեռնարկությունների համար «ԲԵԼԱԶ» ինքնաթափերի մատակարարման հարցը»,-ասել է Բելառուսի ԱԳՆ ներկայացուցիչը: Կքննարկվեն նաեւ արդյունաբերական եւ կոմունալ ձեռնարկությունների համար տրանսֆորմատորների համատեղ արտադրություն ստեղծելու հեռանկարները: Խոսք կլինի նաեւ բելառուսական գյուղատնտեսական եւ ավտոմոբիլային տեխնիկայի լիզինգով տրամադրելու մասին: