Նոյեմբերի 1-ին ֆրանսիական հեղինակավոր France 2 հեռուստաընկերությամբ «Chrétiens Orienteaux» (Արեւելյան քրիստոնյաներ) հաղորդաշարում եթեր արձակվեց հայկական խաչքարի, արվեստի եւ ավանդույթի մասին 2012թ. նկարահանված կես ժամանոց տեւողությամբ ֆիլմը  «Հայկական խաչքարեր. հայ ժողովրդի հոգին եւ հոգեւորությունը (Les Khatchkars (Croix en Pierre) : l’âme et la spiritualité du peuple arménien)»:

Ֆիլմում արտացոլված են հայ ժողովրդի խաչքարագործության հին եւ հարուստ արվեստի ավանդույթները, խաչքարերի էությունը եւ դրանց նշանակությունը հայ քրիստոնյայի համար:

Նկարահանմանն իրենց մասնագիտական բացատրություններով աջակցել են նաեւ ֆրանսիացի հեղինակավոր գիտնականներ, պատմաբաններ ու արվեստագետներ: Ֆիլմում նաեւ դրվագներ կան խաչքարի պահպանմանն ուղղված կոչով` Նախիջեւանում Բաքվի կողմից հայկական խաչքարերի եւ գերեզմանոցների ավերման եւ ոչնչացման վերաբերյալ:

France 2 հեռուստանըկերության կողմից 2012թ. ամռանը Հայաստանում նկարահանված ֆիլմերից ս.թ. դեկտեմբերի 30-ին Փարիզի ժամանակով 9.30-ին կցուցադրվի մեկ այլ ֆիլմ «Հայ եկեղեցու արմատները եւ պատմությունը սկզբնական դարերում»' (L’histoire et les racines de l’Eglise Arménienne dans les premiers siècles.) վերնագրով ֆիլմը:

Ֆիլմերը ծրագրվել են Թոմա Վալյուի եւ Միշել Կաղիեի կողմից:

Հաղորդաշարի ինտերնետային կայքէջն է www.chretiensorientaux.eu: