Նոյեմբերի 1-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախից թիկնային մակերեսի ստորին կրծքային եւ գոտկային շրջանի կտրած-ծակած թափանցող վերքեր, ձախակողմյան պնեւմոհեմոթորաքս» ախտորոշմամբ, «շտապօգնության» թիվ 42 բրիգադը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 22-ամյա Հայկազ Գ.-ին, որը, ըստ նրա ու նրա հարազատի հայտարարության, դանակահարվել էր թեթեւ արդյունաբերական քոլեջի մոտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի` Հայկազ Գ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Էրեբունիի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 22.15-ին, բերման են ենթարկել 15-ամյա Զավեն Մ.-ին:

Պարզվել է, որ Հայկազ Գ.-ին  վնասվածքները պատճառել է Զավեն Մ.-ն` իր մոտ գտնվող դանակով:

Զավեն Մ.-ն ձերբակալված է:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: