2012 թ. հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ (12ամսյա գնաճ) Հայաստանում գներն աճել են 3,4%-ով: Այդ մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ: Նշենք, որ 12ամսյա գնաճը սեպտեմբերին 2,5% էր:
Ամսական կտրվածքով (հոկտեմբերը սեպտեմբերի նկատմամբ) գնաճը 1,2% է՝ նախորդ ամսվա 0,8%-ի համեմատ է: Նշենք, որ սեպտեմբերից վիճակագրությունն արձանագրում է գների բարձրացում:
2012թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.1% գնաճ, ինչը հիմնականում ձվի, հացամթերքի, կենդանական եւ բուսական յուղերի, մրգի, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբերի 2.5-9.0% գնաճի արդյունք է: Ամենաբարձր գնաճը կարտոֆիլի մասով է՝ 9%:
Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.9% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է հագուստի եւ գործվածքի`1.0%, լվացող միջոցների` 1.0%, դեղամիջոցների` 1.3%, ոսկերչական ապրանքների`2.0%, կոշկեղենի`2.3%, վառելիքի`3.2% գնաճով:




























