Հալեպում, նոյեմբերի 1-ին, դիպուկահարի կրակոցից, հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցու մոտ սպանվել է Ջորջ Կաբանջյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հալեպում Հայ առաքելական եկեղեցու տեղի թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:
Նրա խոսքով, այսօր առավոտից քաղաքի հայկական թաղամասում ականների պայթյունների ձայներ են լսվում, սակայն ներկա պահին հնարավոր զոհերի եւ թաղամասին հասցված վնասի մասին տեղեկություններ չկան:
Ռաիսյանը նաեւ տեղեկացրեց, որ Դամասկոս-Հալեպ ճանապարհին զինված ապստամբները երկու մարդ են առեւանգել, որոնցից մեկը հայ է: Առեւանգվածների մասին դեռ տեղեկություն չկա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 29-ին, զինյալները կանգնեցրել էին քաղաքացիական ավտոբուսը, որը Հալեպից Բեյրութ էր ուղեւորվել, եւ պատանդ էին վերցրել 10 մարդու: Պատանդներից 7-ը հայեր են, մնացած երեքը` քրիստոնյա արաբներ: Ընդդիմության զինյալները պահանջում են ազատել իրենց 150 համախոհներին` սպառնալով 3 օրվա ընթացքում իրենց պահանջը չկատարելու դեպքում սպանել պատանդներին:
Հայտնի են առեւանգված հայերի անունները: Խոսքը Կարո Փամփալյանի, Արսեն Արոյանի, Լեւոն Զեյթունյանի, Բաշար եւ Ժորժ (հայր եւ որդի) Ռաբաթների մասին է: Եւս երկուսի անունները չեն հստակեցվում: Առեւանգվածների տարիքը նույնպես չի հաղորդվում:




























