Եթե առաջիկա նախագահական ընտրությունները լինեն 1991թ-իի այս կողմ առաջին անգամ ազատ, արդար եւ ոչ թե միջազգային, այլ հայկական չափանիշներին համապատասխան, ապա Հայաստանը կունենա նոր նախագահ կամ նվազագույնը առանց չակերտների լուրջ մրցակցություն:Այս մասին այսօր` նոյեմբերի 2-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Իսկ եթե չեղան, ես պատրաստ եմ քաղաքացիական մեր պայքարը տանել, ոչ թե մինչեւ վերջ, որովհետեւ վերջը շատ ուշ է, այլ մինչեւ ժողովրդին պատկանող, ժողովրդին վայել հաղթանակ: Եթե ժողովուրդը ցանկանա, պատրաստ լինի: Այսինքն, մեր ժողովուրդը, մեր երկրի տերը պատրաստ է իր գործը եւ խոսքը մեկ անել»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ավելացրեց, որ դա իր համեստ առաջարկն է Հայաստանի ժողովրդին ու քաղաքացիներին:
Նա նաեւ ավելացրեց, որ միայն մեկ անգամ է լինելու նախագահի թեկնծաու եւ այլեւս երբեք: «Հարակից եւ ածանցյալ հարցերին ես կպատասխանեմ երկուշաբթի ժամը 12-ին»,- հրավիրված ասուլիսին հայտարարելով նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին` ելույթը սահմանափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am




























