«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէ լուրջ քաղաքական որոշումներ կայացնողը, այդ որոշումները Հայաստանում չեն կայացվում, կայացվում են հյուսիսում եւ ուղղակի փոխանցվում են ԲՀԿ-ին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը՝  հավելելով, որ որոշումը Ռուսաստանի կողմից դեռեւս կայացված չէ: 

Նրա խոսքով՝ չի բացառվում, որ վերջերս կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո լռությամբ փորձ են անում տպավորություն ստեղծել, որ իրենք իրենց քաղխորհրդով է որոշում կայացվում: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, ապա Շահնազարյանը որեւէ լուրջ քաղաքական դեր չի տեսնում: «Եթե այդ քաղաքական գործիչը գտնվում է այն կուսակցությունում, որը այստեղ ներկայացնում է Ռուսաստանը, ապա հետեւություններն ինքներդ արեք»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսին՝  նա նշեց, որ ՀԱԿ-ի վերաբերյալ մամուլում բավական մանրամասն խոսել է, առայժմ ավելացնելու բան չունի: «ՀԱԿ-ը որպես ինքնուրույն քաղաքական գործոն, այսօր չկա»,- նշեց նա՝ շեշտելով, որ արտահերթ ընտրությունների մասին ինչ ասվում էր, վաղուց պատմություն  է դարձել:

Ինչ վերաբերում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրսյանի հետ բարեկամական կապերին եւ ՀԱԿ-ի հետ ունեցած քաղաքական տարաձայնություններին, ապա Դավիթ Շահնազարյանը նշեց՝ «քաղաքական տարաձայնությունները մի կողմ, բարեկամական կապերը` մի կողմ, դրանք տարբեր են»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դավիթ Շահնազարյանը դեռ մարտ ամսին դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսից: