2013 թ. պետական բյուջեի նախագիծը ծայրահեղ անբավարար է պրոֆեսիոնալ տեսանկյունից: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Թեեւ, նրա խոսքով, բյուջեի վերաբերյալ վերջնական կարծիքները ավելի կորոշակիանան նոյեմբերի վերջում, երբ կավարտվեն քննարկումներն ու ուսումնասիրությունները:

Հ. Բագրատյանի կարծիքով՝ ոչ մի քայլ չի արվել ստվերը կրճատելու ուղղությամբ, եկամուտների ողջ բեռն ընկնում է փոքր եւ միջին բիզնեսի վրա: «Տարբեր տրամաբանական դաշտերում ենք, չեմ կարողանում հասկանալ իրենց տրամաբանությունը»,- ասաց Հ. Բագրատյանը: Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանի բյուջեն 1 շնչի հաշվով 900 դոլար է, Վրաստանում՝ 1500 դոլար, Ուկրաինայում՝ 1200 դոլար, Ռուսաստանում՝ 3000 դոլար:  Եւ սա այն դեպքում, երբ Վրաստանում ստվերային տնտեսությունը գնահատվում է 61 %, իսկ Հայաստանում՝ 51%:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am