Հայաստանի վարչապետ, Արարատյան հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի առաջնորդությամբ անցկացվող թեմական-ներկայացուցչական ժողովի աշխատանքներին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կառավարության լրատվական ծառայությունից:
Ողջունելով ժողովի մասնակիցներին՝ վարչապետը կառավարության տեսակետներն է ներկայացրել մի քանի խնդիրների շուրջ: «Անժխտելի է այն դերակատարությունը, որը հայ ժողովրդի պատմության մեջ ունեցել է եւ ունի Հայ Առաքելական եկեղեցին: Շնորհիվ մեր հավատքի, եկեղեցու շուրջ համախմբվածության՝ այսօր ունենք պետություն, եւ համատեղ ջանքերով լուծում ենք այն խնդիրները, որոնք մտահոգում են մեր ժողովրդին: Ինչպես դարեր ի վեր, այնպես էլ այսօր Հայ Առաքելական եկեղեցու օրակարգում ընդգրկված են հարցեր, որոնք մտահոգում են մեր ժողովրդին, եւ մենք ձեզ հետ փորձում ենք գտնել պատասխաններ, որոնք առաջնորդելու, օժանդակելու եւ ծառայելու են նրան»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերների հիմքում ընկած են էական խնդիրներ; Երբեմն այդ խնդիրները բացատրվում են ֆինանսատնտեսական ճգնաժամով: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ իրականում մենք գործ ունենք արժեքային ճգնաժամի հետ, եւ ժամանակակից մարտահրավերների հաղթահարման բանալին, գաղտնիքը հենց այդ ոլորտում է պետք որոնել:
«Սպառողական հոգեբանությունը, Առաքելական սուրբ արժեքներից հեռանալը ցանկացած հասարակության համար ստեղծում է լուրջ եւ անհաղթահարելի բարդություններ: Նմանատիպ խնդիրներ այսօր ծառացած են նաեւ հայ ժողովրդի առջեւ: Համոզված եմ, որ այն արդիական մարտահրավերները, որոնք առկա են, կարող ենք հաղթահարել՝ եթե ապավինենք մեր հավատքին, հզորացնենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ամրապնդենք կապը պետության եւ եկեղեցու միջեւ: Սա է լինելու այն բանաձեւը, որն օգնելու է հաղթահարել նորագույն մարտահրավերները: Այդ տեսակետից, մեր օրակարգում ընդգրկված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական միջոցառումների ուղղվածությունը, կարծում եմ, նույնպես պետք է լինի այդպիսին»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ պետք է իրականացվեն այնպիսի միջոցառումներ, որոնք հզորացնելու են մեր ժողովրդի հավատքը: «Դա է գաղտնիքը, որով կկարողանանք համախմբված եւ ուժեղացած հաղթահարել նոր խնդիրներն ու մարտահրավերները: Այդ տեսակետից, երիտասարդ սերունդը սպասում է այնպիսի լուծումներ, որոնք պետք է բոլորիս ոգեւորեն»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ վարչապետը հավաստիացրել է, որ սիրիահայության օրակարգային խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: «Այսօր Սիրիայից Հայաստան են ժամանել մի քանի հազար ընտանիքներ եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նրանք իրենց հարմարավետ զգան, կարողանան հաղթահարել առկա բոլոր դժվարությունները՝ սկսած դպրոցների նախապատրաստումից, ավարտված սիրիահայերին հայրենիքում աշխատանքի ապահովմամբ, որպեսզի նրանք Հայաստանում կարողանան կերտել իրենց նոր կյանքը»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետը նշել է, որ կառավարության օրակարգում ընդգրկված են նաեւ այլ խնդիրներ, որոնք վերաբերվում են եկեղեցաշինությանը: Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ այն որոշումները, որոնք կընդունվեն այս ժողովի ընթացքում՝ նպաստելու են մեր եկեղեցու ամրապնդմանը:
«Ավարտելով խոսքս, ցանկանում եմ նշել, որ երբեւէ պետություն-եկեղեցի կապն այնքան ամուր չի եղել, որքան Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: Մեր քաղաքական թիմի ղեկավարի տեսլականն է՝ ամրապնդելով կապը եկեղեցու, մեր հավատքի հետ՝ կկարողանանք դուրս գալ բոլոր դժվարություններից, եւ համախմբելով մեր ժողովրդին՝ կառուցել ամուր եւ հուսալի պետություն՝ ի բարօրություն հայ ժողովրդի»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Թեմական-ներկայացուցչական ժողովի օրակարգում ընդգրկված են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, Հայ Եկեղեցու Սահմանադրության մշակմանը, սիրիահայությանն աջակցություն ցուցաբերելուն առնչվող հարցեր:



























