Մի քանի օր շարունակ ռուսական լրատվամիջոցների ամենաթեժ քննարկման նյութը մնում է  քննչական գործողությունները, որոնք իրականացվել են  Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը ենթակա «Օբորոնսերվիս» ընկերության  կենտրոնական գրասենյակում, որտեղ խուզարկություն է իրականացվել պետական գույքի խաբեբայության եւ  բյուջեին 3 մլրդ–ից ավելի ռուբլի վնաս հասցնելու կապակցությամբ: Հիշեցնենք, որ նախօրեին լրատվամիջոցները հայտնել էին, որ  ինքը` պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, կարող է դառնալ  տվյալ քրեական գործի գործող անձ:

Սկանդալի կենտրոնում է հայտնվել  Պաշտպանության նախարարության Գույքային հարաբերությունների  վարչության նախկին ղեկավար Եվգենիա Վասիլեւան` «երիտասարդ, տաղանադավոր եւ անկասկած շատ գեղեցիկ  աշխատակցուհին», ինչպես նրան բնորոշում են լրատվամիոջցները: Գործն առավել հրապուրիչ է դառնում այն առումով, որ առավոտյան, երբ քննչական խումբը ժամանել է Վասիլեւայի բնակարան` խուզարկություն կատարելու նպատակով, նրանց առջեւ դուռը բացել է ինքը` Սերդյուկովը, ով տարիներ շարունակ կարողացել է իր գլխավորած վարչությունը հեռու պահել նախարարության գույքի վաճառքի հետ կապված  սկանդալներից:

Աշխատակցուհու տան խուզարկության ժամանակ այնտեղ թանկարժեք զարդեր  եւ խոշոր գումար է հայտնաբերվել:

Փարձագետների հաշվարկով Վասիլեւայի տնից հայտնաբերված թանկարժեք զարդերի ընդհանուր արժեքը կազմել է 3 մլն դոլար:

Հայտնաբերվել է նաեւ այնպիսի նկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են Ռեպինը, Վասնեցովը, Այվազովսկին, ընդ որում ոչ թե կրկնօրնակները, այլ բնօրինակները:

Քննիչներին ապշեցրել է նաեւ Վասիլեւայի բնակարանն իր խոշոր չափերով եւ  13 սենյակներով: