Թուրքիայի նախկին նախագահ, կասկածելի պայմաններում մահացած Թուրգութ Օզալի դիակի փորձաքննության արդյունքերի մասին տեղեկությունը, թե նրա մարմնում հայտնաբերվել է մեծ քանակությամբ թունավոր նյութ, արագ տարածվել է թուրքական լրատվամիջոցներում։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի դատաբժշկական փորձաքննության կենտրոնի տնօրեն Հալուք Ինջեն հերքել է մամուլում տեղ գտած լուրերը՝ շեշտելով, թե իրենք դեռ ոչ մի զեկույց չեն ներկայացրել փորձաքննության մասին։ Նա պնդել է, թե իրենք Birgün թերթի պնդած թունավոր նյութը չեն գտել Օզալի մարմնում։
Հալուք Ինջեյի խոսքով՝ փորձաքննության ավարտի զեկույցը դեռ չկա, սակայն արդյունքները կան, որոնք կհրապարակվեն նախատեսվածի պես՝ փորձաքննության սկսվելուց 2 ամիս անց։ Նա նշել է, թե իրենք արդյունքներն ուղարկելու են դատախազություն, որն էլ նպատակահարմարությունից ելնելով կարող է հրապարակել դրանք։
Նշենք, որ թուրքական Birgün պարբերականում նշվել էր, թե փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Օզալի մարմնում հայտնաբերվել է մեծ քանակությամբ «Ստրիկին կրեատին» տեսակի թունավոր նյութ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախկին նախագահներից Թուրգութ Օզալի դին դատաբժշկական փորձաքննության համար հոկտեմբերի 2-ի կեսօրին հանվել է գերեզմանից:




























