«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահական ընտրություններում սատարելու հարցը մեր օրակարգում չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Խաչատրյանը:
Նա նշեց, որ այս պահին «Ազատ դեմոկրատները» քննարկում են նախագահական ընտրություններին իրենց մասնակցության հնարավոր ձեւաչափը: «Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու հարցին, ապա այդ հարցը մեր օրակարգում չկա»,- ասաց մամուլի քարտուղարը:
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու մասին:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին «Ազատ դեմոկրատները» մասնակցել են «Ժառամգության» հետ միասնական ցուցակով եւ «Ազատ դեմոկրատներից» երկու ներկյայացուցիչ` Խաչատւոր Քոքոբելյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը ընտրվել են պատգամավոր:
Որոշ ժամանակ անց «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» մեջ կոնֆլիկտ է ծագել, երկու կողմից արվել են բազմաթիվ հայտարարություններ` իրար մեղադրելով պայմանավորվածություն խախտելու, ստախոսության եւ այլնի մեջ: Մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել եւ ասել, որ Խաչատուր Քոքոբելյանը խախտել է պայմանավորվածությունը, եւ մանդատը վայր չի դրել: Նա «Ազատ դեմոկրատների» ղեկավարին մեղադրել է ստախոսության մեջ, դրան հետեւել է Խաչատուր Քոքոբելյանի հայտարարությունը, որում նա հերքել է նման պայմանավորվածության մասին տեղեկությունները: Նա նշել է, թե ցավում է, որ ընդդիմադիր դաշինքը կայացնելու բոլոր ջանքերն ու ներդրումները հետևողականորեն փոշիացվում են անհասկանալի դրդապատճառներով: Իրար հաջորդած բազմաթիվ հայտարարությունները ավարտվել են նրանով, որ «Ազատ դեմոկրտատներ» կուսակցության անդամներ, ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել են, որ ձեւական մնում են «Ժառանգություն» խմբակցության կազմում, սակայն գործելու են անկախ եւ չեն ներկայացնելու խմբակցության դիրքորոշումը:





























