Թեհրանի կենտրոնում նոյեմբերի 2-ին մի քանի հազար մարդ հավաքվել է մասնակցելու 1979թ. ԱՄՆ-ի դեսպանատունն իրանցի ուսանողների կողմից շրջափակելու դեպքերի 33-րդ տարելիցին նվիրված հակաամերիկյան ավանդական ամենամյա ցույցին:

ԱՄՆ-ի նախկին դեսպանատան շենքի մոտ, որը «լրտեսական որջ» անվանումն է ստացել, մարդիկ հակաամերիկյան եւ հակաիսրայելյան  կոչեր են հնչեցրել, մասնակիցների ձեռքին եղել են ազգային դրոշներ, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի դիմանկարը, նաեւ՝ հակաիսրայելյան պաստառներ:

Այս տարի, նախորդ տարիների համեմատ, ցույցի մասնակիցների թիվը զգալի նվազել էր: Իրանցի փորձագետները «ՌԻԱ Նովոստիի» հետ  զրույցի ընթացքում դա կապել են միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Իրանի բանակցությունների հետ:  Այս տարի հավաքին մասնակցել են ավելի շատ երեխաներ՝ 7-15 տարեկան:  Նրանք ձեռքներին ունեցել են «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին» մակագրությամբ պաստառներ եւ հրթիռի տեսքով  փուչիկներ, որոնց վրա գրված է եղել՝  «Պատրաստված է Իրանում»: Երեխաների հագուստին Իրանի գերագույն առաջնորդների պատկերներն են եղել:

1979 թվականի նոյեմբերի 4-ին այաթոլլահ Խոմեյնիի ծայրահեղ տրամադրված կողմնակիցները գրոհել եւ զավթել էին Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը՝ գերի վերցնելով 52 աշխատակցի, որոնց պահել են 444 օր: Պատանդներն ազատ էին արձակվել 1981 թվականի հունվարին: Միջադեպը հանգեցրել էր ամերիկաիրանական դիվանագիտական  հարաբերությունների խզմանը, որոնք մինչ այժմ չեն վերակնագնվել: ԱՄՆ-ն 1979 թվականի նոյեմբերից սկսած պատժամիջոցներ է կիրառում Իրանի նկատմամբ: Միակողմանի պատժամիջոցները գործում են մինչ օրս: