Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլին Միխայիլ Սահակաշվիլիին առաջարկել է ազատել նախագահական պալատն ու տեղափոխվել պետքարտուղարություն։ Իր առաջարկությունը վարչապետը հիմնավորում է այն պատճառով, որ շինության ծախսերը ահավոր բարձր են։

«Նախագահական պալատի ծախսերը շատ բարձր են։ Հիմա պարզում ենք, թե ինչ միջոցներ է ծախսվել այն ֆինանսավորելու համար։ Միայն Էլեկտրաէներգիայի ծաղսերը կազմում են 800 հազար լարի»,- կառավարության նիստից հետո հայտնել է վարչապետը։

Ինչպես գրում է «Նովոստի Գրուզիան, նախագահական նստավայրը գտնվում է Թբիլիսիի պատմական շրջանում։ Պալատի շինարարության ընթացքում աշխատել են մի քանի ճարտարապետներ, հեղինակն է Գեորգի Աբդուշելաշվիլին, սակայն շենքը կառուցել է իտալացի Միքելե դե Լուկան, որը նաեւ Թբիլիսիի «Խաղաղության կամրջի» հեղինակն է։ Շենքը կառուցված է իտալական ռենեսանսի դասական հունա-հռոմեական ոճով։

Պալատի բացման արարողության ընթացքում նախագահը հայտնեց, որ ծախսերը կազմել են 7,8 մլն դոլար։ Սակայն նոր կառավարությունն ու լրատվամիջոցները գտնում են, որ իրականում ծախսերը մի քանի անգամ գերազանցում են նշված թիվը։

Կառավարությունն իր նիստերը այժմ իրականացնում է պետքարտուղարության շենքում, որը կառուցվել է դեռ խորհրդային տարիներին։

Իվանիշվիլին հայտնել է, որ երկրի վրա խիստ թանկ է նստում նաեւ նախագահական 2 ինքնաթիռների սպասարկումը, որոնցից միայն մեկի համար ծախսվում է 800 հազար լարի։ Վարչապետի խոսքերով, երկրում, որտեղ այդքան կարիքավորներ կան, նման շռայլումներն անիմաստ են։