Ռազմական ոլորտում Ադրբեջանի եւ Պակիստանի համագործակցությունը հին արմատներ ունի եւ վերաբերում է ինչպես սպառազինության մատակարարումներին, այնպես էլ պատերազմի տարիներին տրամադրվող վարձկաններին: Այդ մասին հայտնել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Պակիստանի բանակի հրամանատարի հայտարարություն այն մասին, որ «աշխարհում ամենաուժեղը համարվող Պակիստանի զինված ուժերը միշտ Ադրբեջանի կողքին են»:
«Այլ հարց է՝ ինչ է տալիս այդ համագործակցությունն Ադրբեջանին: Կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է սովորի հույսը դնել սեփական ուժերի ու հնարավորությունների վրա: 90-ականներին Պակիստանը եւ Թուրքիան, ինչպես եւ այժմ, ուժեղ պետություններ էին: Եւ ինչո՞վ դա օգնեց Ադրբեջանին: Ճոռոմ, սակայն անհիմն հայտարարություններ», - նշել է Արկադի Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է Պակիստանին, ապա, ըստ փորձագետի, նա եւս պետք է սկսի իր մասին մտածել: ««Ուժեղագույն բանակներից» մեկը նույնիսկ չգիտի, թե օրը քանի ամերիկյան անօդաչու թռչող սարքեր են իր տարածք ներխուժում», - եզրափակել է Գրիգորյանը:





























