Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կորոշի՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ով է լինելու նախընտրական շտաբի ղեկավարը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ հարցը դեռ չի քննարկվել. «Ես մեծ փորձ ունեմ, եւ չի բացառվում, որ հենց ես էլ կղեկավարեմ շտաբը»:
Ի պատասխան հարցին, թե այդ պաշտոնում նրան արդյոք այլընտրանք կա, եւ կարող է որեւէ մեկն այդ պաշտոնում ապահովել այդպիսի բարձր արդյունքներ, Աբրահամյանը նշել է, որ անփոխարինելի մարդիկ չկան: «Այլընտրանք բոլորի համար կա, այդ թվում նաեւ՝ ինձ: Ես չեմ բացառում, որ կան մարդիկ, որոնք կարող են ինձանից լավ կամ վատ ղեկավարել նախընտրական շտաբը: Մեր կուսակցությունը կորոշի այդ հարցը: պարզապես ես մեծ փորձ ունեմ եւ իմ գլխավորությամբ նախընտրական շտաբը երբեք չի պարտվել: Սակայն դա կախված չէ միայն շտաբի ղեկավարի աշխատանքից, այլ նրա ամբողջ կազմի»:




























