2012թ. 9 ամիսների հանցավորության վերաբերյալ վիճակագրական տվյալների համաձայն` մարդու դեմ ուղղված հանցագործությունները աճել են 638-ով, որից 161-ով դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: Այդ մասին Հայաստանի գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը:

Վերջինիս խոսքով, 25-ով  նվազել են առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը` 146-ից հասնելով 121-ի, սպանության եւ սպանության փորձի դեպքերը գրեթե անփոփոխ են: Մասնավորապես նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել սպանության 41 եւ սպանության փորձի 23, այս տարի` սպանության 40 եւ սպանության փորձի 21 դեպք:

Մնացական Սարգսյանը նշել է մի շարք թերություններ, որ առկա են ծանր հանցագործությունների քննության ընթացքում:

Մասնավորապես ամփոփագրերի բացարձակ մեծամասնությունում նշված է լինում, որ մարմնական վնասվածք ստացողը ի վիճակի չէ հաղորդում տալու, ձգձգվում են դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություն ստանալու ժամկետները, երբեմն նշանակվում են մի քանի փորձաքննություններ:

«Քրեական գործերով կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ

ա) թերի են կազմվում դեպքի վայրի զննության արձանագրությունները,

բ) Քննիչը գրեթե միայնակ է գործում դեպքի վայրի զննության ընթացքում,  

գ) Խնդիրներ են առաջանում ընթերականներ հրավիրելու եւ ապահովելու հարցում»,- նշեց նա` առաջարկելով, որ այսուհետ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով հարուցվող քրեական գործերով դատավարական ղեկավարում իրականացնեն անձամբ մարզերի եւ համայնքների դատախազները: