Մոսկվայի պետհամալսարանի Համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դեկանի ուսումնական հարցերով տեղակալ Միխայիլ Բաշարաթյանը, ով ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով, հեռացվել է պաշտոնից: Այս մասին հայտնել է ՄՊՀ-ի մամուլի քարտուղար Սվետլանա Ռեշետնիկովան:
«Երեկ նա հեռացման դիմում է գրել»,-պատմել է Ռեշետնիկովան: Դոցենտ Բաշարաթյանին պաշտոնից հեռացրել է ֆակուլտետի դեկան Անդրեյ Կոկոշինը, իսկ փոխդեկանի պաշտոնից` պրոռեկտոր Պյոտր Վրժեցը:
Ռեշետնիկովան պարզաբանել է, որ ՄՊՀ-ի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի ասպիրանտուրան Բաշարաթյանը չի կառավարել, այլ դեկանի մեկ այլ տեղակալ: Նրա խոսքով, Բաշարաթյանը չի մտել թեկնածուների ընտրման, քննությունների հանձնման հանձանժողովների մեջ, առանց որոնց անհնար է թեկնածուական թեզերի պաշտպանությանը մասնակցել:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ հոկտեմբերի 31-ին Մոսկվայում կաշառք վերցնելու պահին ձերբակալվել էին բուհերի դասախոսներ` ՄՊՀ-ի Համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դեկանի ուսումնական հարցերով տեղակալ Միխայիլ Բաշարաթյանը եւ Աշխատանքի եւ Սոցիալական հարաբերությունների ակադեմիայի փիլիսոփայության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Վիկտոր Բարիսը: Ըստ քննության` նրանք ոմն երիտասարդից 30 հազար դոլար են պահանջել Աշխատանքի եւ Սոցիալական հարաբերությունների ակադեմիայի ասպիրանտուրա ընդունվելու, լավ ուսման, պատրաստի թեկնածուականի, ՄՊՀ-ում պաշտպանելու համար։
Բաշարաթյանին նոյեմբերի 1-ին կաշառք վերցնելու պաշտոնական մեղադրանք է ներկայացվել: Բարիսի ձերբակալման մասին որոշումը դեռ չի կայացվել:





























