Գերմանական կողմը Հայաստանի մեջ տեսնում է փորձված, վստահելի եւ թափանցիկ գործընկերոջ, այս մասին ասել է ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր ՊՆ-ում կայացած հանդիպման ընթացքում:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նոյեմբերի 2-ին Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելուց հետո առաջին անգամ պաշտպանության նախարարություն այցելած Ռայներ Մորելին:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Բարձր գնահատելով հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը` Սեյրան Օհանյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ այն կշարունակի դինամիկ զարգանալ: 

Դեսպան Մորելը շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ բարեմաղթանքների համար` նշելով, որ գերմանական կողմը Հայաստանի մեջ տեսնում է փորձված, վստահելի եւ թափանցիկ գործընկերոջ եւ պատրաստ է շարունակել ու զարգացնել ինչպես բազմաբնույթ երկկողմ փոխգործակցությունը, այնպես էլ հայ-գերմանական համագործակցությունն Աֆղանստանում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ-գերմանական երկկողմ պաշտպանական համագործակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: