ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել քաղաքական բոլոր այն ուժերի հետ, որոնք կսատարեն գործող նախագահի թեկնածությունը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատրաստ է բոլոր ուժերի հետ քննարկել համագործակցության հարցը. «Ինձ քիչ է հուզում քաղաքական այլ ուժերի միջեւ համագործակցությունը, այդ թվում՝ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի»:

Ի պատասխան հարցին, թե ինչի շուրջ կարող են համաձայնության գալ Հայաստանի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, Աբրահամյանը նշել է, որ ոչինչ չի բացառում:  «Մենք պատրաստ ենք համագործակցել ոչ միայն  «Բարգավաճ Հայաստանի», այլեւ քաղաքական այն բոլոր ուժերի հետ, որոնք կայանալիք ընտրություններում կսատարեն գործող նախագահի թեկնածությունը: Նրանց ցանկացած խելամիտ առաջարկ կարող է մեզ համար ընդունելի լինել, սակայն այդ առաջարկները չպետք է վնասեն Հանրապետական կուսակցության արժանապատվությանը»:

Խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ համագործակցության մասին՝ Աբրահամյանը վստահեցրել է, որ դա ՀՀԿ-ին չի վախեցնում: