Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ի դեմս ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի, արձագանքել է Վարդան Օսկանյանի գործի վերաբերյալ Հայաստանի երկրորդ նախագահի տված գնահատականին:
Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը:
«Ես այդ հարցում համամիտ չեմ Ռոբերտ Քոչարյանի կարծիքին: Ես վստահ եմ, որ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելով խորհրդարանը քննչական մարմիններին հնարավորություն է տվել իրականացնել իրենց աշխատանքը: Ես չեմ ցանկանում, որ որեւէ մեկն իր մտահոգությունները որպես իրականության ներկայացնի», - նշել է Աբրահամյանը: Նա նաեւ նկատել է, որ եթե Վարդան Օսկանյանը մեղավոր չէ, ապա վախենալու բան չունի: Քննությունը ցույց կտա, որ նա մեղավոր չէ: «Դա քաղաքական գործընթաց չէ, եւ այստեղ նույնիսկ քաղաքական ենթատեքստ չկա: Ես դեմ եմ այդ հարցը քաղաքականացնելուն»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն էր տարածել Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առիթով, որում, մասնավորապես նշել էր. «Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է` երկրի վարկին հասցված բացասական հետեւանքներով: Իսկ դա ամենեւին էլ այն չէ, ինչի կարիքն այսօր Հայաստանն ունի: Ուշադրությամբ ծանոթացա «գործի» հրապարակված նյութերին եւ չկարողացա գտնել գլխավոր հարցի պատասխանը` ի՞նչ գործ ունեն ԱԱԾ-ն, դատախազությունն ու խորհրդարանը Ջոն Հանթսմանի, Վարդան Օսկանյանի եւ նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի բարիդրացիական հարաբերությունների հետ»:





























