Անասունների արհեստական սերմնավորման համար ՀՀ 2013 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 5.1 մլն դրամ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:

2012 թ. համեմատ ֆինանսավորումը նվազել է մոտ 620 հազ. դրամով: Դա պայմանավորված է պահպանվող սերմնահեղուկի քանակի (32.0 հազ. դոզա) նվազեցմամբ:

Ըստ Պ. Սաֆարյանի՝ անասունների սերմնահեղուկի լրացուցիչ դոզաների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ չեն հատկացվել՝ ռեսուրսների անբավարարության պատճառով: Այս պատասխանը չբավարարեց պատգամավոր Վահագն Մախսուդյանին: Նա հայտարարեց, որ անասունների սերմնահեղուկ ձեռք չբերելը հարվածում է անասունների վերարտադրությանը, ու վերջին հաշվով՝ հանգեցնում մսի թանկացմանը: «Սա ստրատեգիական նշանակություն ունի: Որեւէ մի ոչ ստրատեգիական ոլորտից հանեիք, տայիք այս ստրատեգիական ոլորտին»,- ասաց Վ. Մախսուդյանը: Ֆինանսների փոխնախարարը պատասխանեց, որ եթե քննարկումների ընթացքում հնարավորություններ բացահայտվեն, ապա անպայման այս առաջարկությունը հաշվի կառնեն: